Արմինֆո. Միասնական ընդդիմադիր թեկնածու Վազգեն Մանուկյանի միջոցով ուրվագծվում է Կարեն Կարապետյանի կերպարը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։
"Տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներից ելնելով՝ կարող եմ ասել, որ դեռ 44 - օրյա պատերազմի ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ նշաններ՝ հօգուտ Հայաստանի վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նախընտրության։ Ավելին, դեռ 2018 թվի ծրագրով նախատեսվում էր, որ հեղափոխության արդյունքում վարչապետ կդառնա հենց Կարեն Կարապետյանը", - նշել է նա։ Սաֆարյանն ընդգծել է, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանի ֆիգուրը չափազանց օդիոզ եւ անցանկալի դարձավ ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլեւ նրա հիմնական դաշնակցի՝ Ռուսաստանի համար: Բայց չափազանց համառ <թավշյա հեղափոխությունը > խառնեց բոլոր քարտերը։
Նշենք, որ դեկտեմբերի 15-ին Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն էր տարածել, որում հույս է հայտնել, որ "Նիկոլ Փաշինյանը համարձակություն կունենա վարչապետի պաշտոնից հեռանալու որոշում կայացնելու հարցում: Ինչպես նաև քաղաքական նեղ շահերից վեր կանգնելու ունակություն՝ երկրին խաղաղ գոյատևելու հնարավորություն տալու համար" ։
Սաֆարյանի համոզմամբ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջների շքերթը ճանապարհ է բացում Կարեն Կարապետյանի համար։ Հենց վերջինս էլ, ամենայն հավանականությամբ, Մոսկվայի համար Հայաստանի ղեկավարի ամենաընդունելի թեկնածուն է։
Ընդ որում, Սաֆարյանը հարկ է համարում արձանագրել, որ, այնուամենայնիվ, նույնիսկ գործող իշխանությունից հիասթափված և Ռուսաստանի հանդեպ խորը հարգանք տածող հասարակության մի մասը "նախկինների" վերադարձի կտրուկ հակառակորդն է։ Եվ, այս ֆոնին, մի քանի հազար ցուցարարներ փողոցում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, քաղաքական կյանքի ամբողջական վերաձևակերպման իրավիճակ ստեղծել դեռ չեն կարող։
"Ընդ որում, Հայաստանում անկայունության ռիսկերն ամբողջությամբ բացառել նույնպես պետք չէ։ Լիովին անտեսել ցանկացած բողոք՝ արմատապես սխալ է: Անկախ դրա քանակից։ Բայց, ամեն դեպքում, ներկայիս բողոքը միայն մասամբ է արտացոլում հասարակական տրամադրությունները։ Հենց դրանով է պայմանավորված նոր խաղացողների մշտական հայտնվելը, ովքեր փորձում են ամրապնդել Փաշինյանի հրաժարականի օրակարգը", - ամփոփել է Հանրային խորհրդի նախագահը ։