Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան մարդիկ, քաղաքական շրջանակներ, ովքեր պահանջում են իր հրաժարականը, բայց կան մարդկանց խմբեր, քաղաքացիներ, ովքեր պահանջում են հրաժարական չտալ: Այդ մասին նա ասել է <Ազատություն> ռադիոկայանին հարցազրույցում։
<Եկեք կենտրոնանանք իրավիճակը Հայաստանի շուրջ կայունացնելու և Հայաստանում կայունացնելու վրա և մտածենք հետագա անելիքների մասին: Իսկ ի՞նչ է լինելու այդ անցումային շրջանում, այդ անցումային շրջանում տեղի ունեցողի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է լինելու: Ես հետևյալն եմ ասում՝ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չեն պահանջում: Իմիջիայլոց, հետևյալ հարցը կա՝ պետք է հասկանալ, թե ինչ հիմքով, ի վերջո, կան մեղադրանքներ, որոնք ուղղված են ինձ, բայց ընդդիմությունն ինքը չի նկատում այդ մեղադրանքների խորը հակասությունը: Հիմա նույն ընդդիմությունն ինձ մեղադրում է նոյեմբերի 9-ին հայտարարությունն ստորագրելու համար, մյուս կողմից՝ հայտարարում է, որ չի պատրաստվում իշխանության գալու պարագայում Հայաստանի վարչապետի ստորագրությունն այդ փաստաթղթից հետ կանչելու ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկել: Նրանք ընդունում են, որ այդ փաստաթուղթն անհրաժեշտ էր ստորագրել ՝ ելնելով իրավիճակից>,-ընդգծել է Փաշինյանը։
<Ես, իհարկե, հայտարարել եմ հրապարակային, որ ինձ համարում եմ այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն: Բայց ես ուզում եմ պատասխանատուն և մեղավորը չշփոթել իրար հետ: Հիմա ի՞նչ պրոցես է սկսվել: Այն բանից հետո, երբ ես հայտարարում եմ, որ ինձ համարում եմ այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն, այս իրավիճակի բոլոր, այդ թվում՝ առաջնային մեղավորները, փորձում են 25-30 տարի իրենց չարածի և, ընդհակառակը, հակապետական իրենց գործունեության մեղավորությունը բարդել մեզ վրա>,- ասել է նա։
Վարչապետը նաև նշել է է, որ գործընթացը, որն այժմ տեղի է ունենում, կարելի է անվանել էլիտար բունտ, որի իրական նպատակն իշխանությունը ժողովրդից խլելն է: