Արմինֆո.Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել է, թե հայկական կողմը կասկածներ ունի, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը: Այդ մասին Արա Այվազյանը հաղորդել է ֆրանսիական Le monde թերթին տված հարցազրույցում։
«Կազմվել են նախնական ցուցակներ: Երկու երկրների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ «բոլորը բոլորի դիմաց» դրույթով փոխանակման վերաբերյալ: Չէի ցանկանա ճշգրիտ թվեր նշել, քանի որ կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այս խնդրին հրատապ լուծում գտնել, քանի որ ապացուցված է, որ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձինք անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում: Մենք աշխատում ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովենք նրանց անհապաղ վերադարձը: Հայտնի է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը վերջնաժամկետ չի սահմանում, և Բաքուն օգտագործում է տվյալ հանգամանքը՝ խնդիրը շահարկելու, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար», - ընդգծել է արտգործնախարարը։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը վերաբերող հարցին՝ Արա Այվազյանն ասել է. «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարը։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որպեսզի հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։ Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակելու է մնալ բանակցությունների օրակարգում, որը գոհացնող է։ Տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը»։