Արմինֆո. «Երբ միմյանց լավ ենք ճանաչում եւ դա վերաբերում է թե՛ մշակույթին, թե՛ պատմությանը եւ աշխարհագրությանը, ապա դա նաեւ նպաստում է երկկողմ տնտեսական աճին, ապրանքաշրջանառության ավելացմանը»,ՀՀ-ում Ղազախստանի դեսպան ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԻ հարցազրույցը Ազգ թերթի հետ
– Պարոն դեսպան, կար ժամանակ, երբ մենք մեկ Միության անդամ էինք, սակայն հետխորհրդային շրջանում կապերը նվազեցին ու արդեն ժամանակի ընթացքում խնդիրներ առաջացան նաեւ միմյանց ճանաչման հարցում: ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունը մեծ աշխատանք է իրականացնում այդ ուղղությամբՙ մշակութային, քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդման համար: Սակայն, չնայած այդ աշխատանքին, իսկ մենք Ղազախստանի հետ նաեւ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ պետություններ ենք, այնուամենյանիվ իրար ճանաչելու ու հասկանալու համար հսկայական ճանապարհ կա անցնելու: Ըստ Ձեզ ի՞նչ է հարկավոր այս ուղղությամբ իրականացնել:
– ՀՀ-ում Ղազախստանի ամբողջ աշխատանքը ուղղված է նրան, որ խորացնենք երկկողմ հարաբերությունները ամեն մի ոլորտում, աշխատանքներ իրականացնենք բոլոր ուղղություններով, այդ հարաբերությունները աճեն թե՛ դեպի վեր եւ թե՛ դեպի խորություն: Սակայն, մինչ այդ նկատեմ, որ մենք ձեզ հետ միասին հանդիպել ենք մի ժամանակաշրջան, երբ Ղազախստանում տոնվում են դեկտեմբերյան միանգամից երկու կարեւոր տոն: Դեկտեմբերի 1-ին մենք տոնում ենք առաջին նախագահի տոնը, քանի որ նրա ներդրումը Ղազախստանի կայացման եւ հզորացման մեջ անգնահատելի է, անցած տարիների ընթացքում մեր երկիրը աճել է անգամներ եւ ես համոզված եմ, որ առաջին նախագահիՙ Նուրսուլթան Նազարբաեւի դերը Ղազախստանի հզորացման ու բարգավաճման մեջ անգնահատելի է, ու հատկապես այն հաջողություններում, որոնք մեր պետությունը գրանցել է թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականության մեջ:
Ղազախստանի տնտեսությունը ամենախոշորներից է նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, դե իհարկեՙ Ռուսաստանից հետո, այն մեծ է Ուկրաինայի տնտեսությունից, Բելառուսից եւայլն: Մեր երկրի ՀՆԱ-ն ավելի մեծ է, քան Կենտրոնական Ասիայի մի շարք պետությունների տնտեսությունները միասին վերցրած: Ես գլուխ չեմ գովում, այլ փաստերով ուզում եմ ցույց տալ, թե ինչի կարող է հասնել պետությունը գրագետ ու հմուտ առաջնորդի կառավարման պայմաններում:
Եվ բնական է, որ Ղազախստանի նախաձեռնությունները, այդ թվում նաեւ միջազգային, Նազարբաեւի գլխավորությամբ, արգելվեցին Սեմիպալատինսկում միջուկային փորձարկումները, հրաժարումը միջուկային զենքից եւ այլն, նպաստեցին պետության հզորացմանը:
Անակախության տարիներին Ղազախստանի տնտեսությունում ներդրումները կազմել են մոտ 330 մլրդ դոլար, ու այստեղ մենք խոսում ենք արտասահմանյան ուղղակի ներդրումների մասին: Պարզ է, որ առանց արտասահմանյան ներդրումների հնարավոր չէր լինի բարձրացնել տնտեսությունը եւ կառուցել հզոր պետություն: Ներդրումների խթանման համար մենք ստեղծեցինք ներդրումային լավագույն մթնոլորտը: Արտասահմանյան ներդրողը գալիս է մեզ մոտ, որովհետեւ այսօր մեր երկիրը հենվում է գրագետ ու լավ օրենսդրական բազայի վրա, լավ որակի աշխատանքային ռեսուրսների, գիտակրթական լավ բազայի վրա եւայլն: Օրինակ, Նազարբաեւ համալսարանը աշխարհի լավագույն համալսարանների ցանկում է:
Այսինքն անցած 29 տարները մենք անցանք բավականին լավ տեմպերով, բարձրացանք համաշխարհային տնտեսության մեջ, լավ արդյունքների հասանք: Ճիշտ է, 2020թ.-ին, համավարակի պայմաններում, մենք ունեցանք խնդիրներ, սակայն կարողացանք պահպանել միջտրանսպորտային փոխադրումները, եւ, օրինակ, Հայաստան-Ղազախստան առեւտրաշրջանառությունը այս տարվա 4 ամիսներին աճել է 47 տոկոսով, ինչը լավ արդյունք է:
Համավարակի պայմաններում մենք կարողացանք ավելացնել միջին աշխատավարձը Ղազախստանում, նախագահի հրամանով պահպանեցինք փոքր բիզնեսի համար հարկային արձակուրդները 3 տարով եւայլն: Սոցիալապես անապահով եւ աշխատանքը կորցրած ընտանիքներին տրվում են փոխահատուցումներ, սոցիալական օգնությունները շարունակվում են:
Եվ, բնականաբար, դեկտեմբերի 16-ին մենք տոնում ենք անկախության հերթական 29-րդ տարեդարձը եւ փորձում ենք հասկանալ, թե ինչի ենք հասել այս տարիների ընթացքում: Եվ համեմատ ԱՊՀ մյուս երկրների, մենք լավ արդյունքներ ունենք: Օրինակ, անցած տարիներին մեր տնտեսական աճը միջինը կազմել է 4 տոկոս տարեկան եւ միայն այս տարի աճի այդ տեմպը կարող է դանդաղել եւ կազմել 2,2 տոկոս, ինչը նույնպես լավ արդյունք է համամետած այլ պետությունների:
– Ղազախստանի տնտեսական աճը իհարկե տպավորիչ է. դուք նշեցիք, որ մեր երկրների ապրանքաշրջանառությունը աճել է 47 տոկոս, ինչը լավ է, թեեւ ընդհանուր առմամբ այն մեծ թիվ չի կազմում: Եթե երկկողմ ճանաչողությունը զարգանա եւ խորանա, թե՛ մշակութային, թե՛ պատմական եւ այլ ուղղություններով, արդյոք այն կնպաստի՞ նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
– Դուք ճիշտ հարց տվեցիք, քանի որ, եթե միմյանց լավ ենք ճանաչում, ու դա վերաբերում է թե՛ մշակույթին, պատմությանը եւ աշխարհագրությանը, ապա դա նպաստում է նաեւ երկկողմ տնտեսական աճին, ապրանաքաշրջանառության ավելացմանը եւայլն: Օրինակ, այսօր Ղազախստանը արտադրում եւ արտահանում է տրասֆորմատորներ, էլկտրասարքեր, մետաղյա իրեր, եւ բնական է, որ հայ բիզնեսմեններըՙ շինարարական ընկերությունները եւ այլն, կարող են ավելացնել երկկողմ ապրանքնաշրջանառությունը:
– Ղազախստանում գործող հայկական համայնքը կարող է դրական դեր խաղալ, խթանիչ լինել երկկողմ հարաբերությունների, այդ թվում առեւտրաշրջանառության աճի համար:
– Ղազախստանում բնակվում է մոտ 30 հազար հայ, որոնցից կեսը Ղազախստանի քաղաքացիներ են , իսկ մնացածը ժամանակավոր, սեզոնային միգրանտներ, որոնք գալիս են որոշակի աշխատանքներ իրականացնելու համար:
Մեր երկիրը լավ պայմաններ է ստեղծում աշխատանքային միգրատների համար, դա, ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ի աշխատանքի ուղղություներից մեկն է եւ ղազախական շատ ընկերություններ ներգրավում են հայ աշխատողներին տարբեր աշխատանքների մեջ: Ի դեպ, Ղազախստանը 3-րդ տեղն է գրավում, ՌԴ-ից եւ ԱՄՆ-ից հետո, դեպի Հայաստան տրանսֆերների փոխանցման ծավալների առումով: Տարեկան միջինը 25-40 միլիոն դոլար է փոխանցվում դեպի Հայաստան:
– Բիզնես զարգացման համար կարեւոր է նաեւ կապերը կառավարությունների միջեւ, որոնք կստեղծեն այդ ճանապարհները, ինչը կնպաստի երկկողմ առեւտրաշրջանառության աճին:
– Մենք ստեղծել ենք միջկառավարական հանձնաժողով, որը ցավոք սրտի վերջին շրջանում, պայմանավորված սկզբում համավարակով, հետո պատերազմով, չէր աշխատումՙ հետաձգվում է այդ հանձնաժողովի աշխատանքը: Ես միշտ հրավիրում էի հայկական ընկերություններին, որոնց հետ նստում եւ քննարկում ենք, թե ինչ ուղղություններում, ինչ բնագավառում կարելի է ներդրումներ իրականացնել: Ճիշտ է, այստեղ ճանապարհների, լոգիստիկայի խնդիր կա, մենք չունենք ընդհանուր սահմաններ եւ այլն: Պետք է նկատեմ, որ մեր առեւտրային առաջարկները մասամբ համընկնում են նաեւ ՌԴ-ի առաջարկների հետ եւ հասկանալի է, որ ՀՀ-ի համար Ռուսաստանից ներկրում անելը ավելի ձեռնտու է:
Բայց պետք է շեշտեմ, որ ներկրումներըՙ հատկապես էլեկտրական սարքավորումների, շինարարական, մետաղական ապրանքների, հրուշակեղենի եւ այլն, Ղազախստանից դեպի ՀՀ աճում է: Ներկայումս սկսում ենք նավթամթերքներ, կաուչուկ, տարբեր տեսակի մեքենաշինական յուղերի ներկրումը դեպի ՀՀ:
ՀՀ-ի արտահանումը դեպի Ղազախստան հիմնականում ալկոհոլայինՙ կոնյակ, գինի, ապրանքներ են, ոսկերչական, կա նաեւ, ոչ մեծ չափով, դեղագործական, ծխախոտային ապրանքների ներկրում, եւայլն: Անցյալ տարի երկկողմ շրջանառությունը եղել է շատ ցածր, մոտ 9 միլիոն դոլարի շրջանակներում, սակայն այս տարի աճը կազմում է մոտ 50 տոկոս: Բայց նկատենք, որ ընդհանուր առմամբ դա քիչ է, եւ առեւտրաշրջանառությունը այս տարի կկազմի մոտ 13-14 միլիոն դոլար:
– Քանի որ խոսքը եղավ Ղարաբաղյան հիմնահարցի մասին, մենք գիտենք, որ ժամանակին, օրինակ, 1991թ-ին, Ղազախստանը շատ ակտիվ միջնորդական առաքելություն էր իրականացնում, հիշենք թեկուզ Նազարբաեւի եւ Ելցինի այցը Երեւան, Բաքու, ինչը շատ կարեւոր էր խաղաղության հաստատման համար: Եվ հետագայում էլ Ղազախստանը բավականին հավասարակշիռ դիրքորոշում ուներ այս հարցում. արդյոք վերջին իրադարձություններից հետո կարո՞ղ է ինչ-որ փոփոխություն լինել:
– Ղազախստանի դիրքորոշումը խնդրի լուծման շուրջՙ փոփոխության չի ենթարկվել, որովհետեւ Ղազախստանը միշտ էլ ունեցել է բաց, թափանցիկ, ազնիվ ու հավասարակշիռ դիրքորոշում: Դուք նշեցիք, որ 90-ի սկսզբին Նազարբաեւը եւ Ելցինը եղան Երեւանում, Բաքվում, Ստեփանակերտում խաղաղարար միջնորդությամբ, եւ այն ժամանակ շատ բան արվեց դրա համար: Հնարավոր եղավ ընդունել1991 թ. սեպտեմբերի 23-ի հայտարարությունը, որը կողմերին կոչ էր անում խաղաղ բանակցություններով լուծել խնդիրը:
Ի դեպ, այդ հայտարարության նմուշը ես տեսել եմ Նազարբաեւի կողմից գրչով կատարված ուղղումներով:Այդ հայտարարությունը հետագայում նպաստեց, այդպես կոչված Բիշքեկյան զինադադարի կնքմանը: Ղազախստանը իսկզբանե ունեցել է ազնիվ, բաց դիրքորոշում, եւ մենք երկու կողմերին էլ կոչ ենք արել խնդիրը լուծել առանց ռազմական գործողությունների, առանց ռազմատենչ հեռետորաբանության եւայլն:
Մեր դիրքորոշումը հիմնված է եղել երկու սկզբունքների վրա. հարցը պետք է լուծել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխանի որոշումների հիման վրա եւ Մինսկի խմբի համանախագահների բանակցային գործընթացի շրջանակում, սակայն որոշումները պետք է լինեն իրական, այլ ոչ թե ձեւական, եւ այս հարցում մենք պետք է շարժվենք հիմք ունենալով միջազգային իրավունքի սկզբունքները:
Հատուկ ուզում եմ շեշետել, որ այս հակամարտության ժամանակ Ղազախստանի ԱԳՆ-ն երկու անգամ հանդես եկավ հայտարարությամբ, դեռ սեպտեմբերի 27-ին կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները եւ մենք առաջարկեցինք հարթակՙ «Ասիայում փոխհարաբերությունների եւ վստահության միջոցների հաստամանը խորհրդակցություն» կառույցը, որտեղ մենք նախագահում ենք:
Ի դեպ, շուտով այն կձեւավորվի որպես ամբողջական կազմակերպություն, դրան անդամակցում են արաբական երկրները, Իսրայելը, ինչպես նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը: Շատ երկրներ են անդամակցում այս կառույցին, որոնք միմյանց միջեւ խնդիրներ ունեն ու նպատակՙ որպեսզի Եվրասիական մայրցամաքում լինի վստահություն եւ խաղաղություն:
– Այս առումով մի հարց եւս, մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, երբ մեր շուրջ կան հակամարտություններ, պատերազմներ, որտեղ ընդգրկված են նաեւ ահաբեկչական կազմակերպություններ: Ինձ հայտնի է, որ ՄԱԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանում ձեր երկիրը առաջ քաշեց նախաձեռնություն, որը կոչվում է Ահաբեկչությունից ազատ, խաղաղությանը հասնելու վարքագծի կոդեքս: Ես գիտեմ, որ 80-ից ավելի երկրներ ստորագրել են, սակայն ՀՀ-ն այդ ստորագրողներից չի: Ինչքանով է կարեւոր ՀՀ-ի կողմից նմանատիպ նախաձեռնություններին միանալը, քանի որ ահաբեկչության խնդիրներին բախվում ենք նաեւ մենք:
– Մերձավոր Արեւելքում սկսված անհանգստությունները ազդեցին նաեւ Ղազախստանի վրա, քանի որ մեր երկիրը հայտնվեց այդ ահաբեկչության վտանգի տակ: Ցավոք սրտի, մեր շատ քաղաքացիներ հայտնվեցին ահաբեկչական այդ կառույցներում, որտեղ կային նաեւ ընտանիքներՙ կանայք, երեխաներ եւայլն:
Ղազախստանը բախվեց մի խնդրի, եւ երբ այն սկսեց իրեն սպառնալ, մենք 2015թ. ՄԱԿ-ի նստավայրում Նազարբաեւն առաջարկեց ընդունել կոդեքս ահաբեկչության կանխարգելման համար եւ ստեղծել համընդհանուր, միջազգային ահաբեկչությունը կանխարգելելու կանոններ: ՄԱԿ-ի անդամ երկրների կեսից ավելին միացան դրան, հետեւաբար ես առաջարկում եմ նաեւ ՀՀ-ին միանալու այդ կոդեքսին եւս:
Այդ կոդեքսը սահմանում է եւ մենք կարող ենք փորձել տարբերակել ու հասկանալ, թե ով է ահաբեկիչը, ով է ապստամբը եւ այլն: Ես կարծում եմ, որ այս կոդեքը կարեւոր է ոչ միայն ՀՀ-ի համար, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների, քանի որ հարկավոր են ընդհանուր կանոններ, որոնք պետք է պարտադիր լինեն բոլորի համար: Բնականաբար Ղազախստանը շահագչգռված է այդ կոդեքսի ընդունմամբ:
Անցած տարի Ղազախստանը Սիրիայից էվակուացրեց իր քաղաքացիներինՙ մոտ 450 տղամարդ եւ կին, որոնցից շատերը, հատկապես կանայք եւ երեխաները, հասել էին այնտեղ իրենց կամքից անկախ: Այդպիսիք 50-ից 60 հոգի էին, որոնք արմատական իսլամիստներն էին, մնացածըՙ նրանց ընտանիքի անդամները եւայլն: Հասկանալի է, որ ահաբեկիչները դատապարտվեցին, սակայն նրանց ընտանիքի անդամները անցան վերականգնողական որոշակի կենտրոներով եւ վերադարձան բնականոն կյանքի:Այս առումով ուզում եմ շեշտել, որ սա ամենամասշտաբային էվակուացիան էր, որը կազմակերպվել է մեկ առանձին վերցված պետության կողմից: