


Արմինֆո. Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովն անձամբ է բանակցություններ վարել գերիների փոխանակման շուրջ, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով ՝ Ադրբեջանին է վերադարձվել 12 գերի, Հայաստանին - 44։
<Երկու շաբաթվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռ․ Մուրադովն ինտենսիվ բանակցություններ է վարել հայկական եւ ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ գերիների փոխանակման շուրջ ՝ <բոլորը բոլորի դիմաց> սկզբունքով։ Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում դեկտեմբերի 14-ին ռազմագերիների փոխանակում է տեղի ունեցել։ Անձամբ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարն ադրբեջանական կողմին է փոխանցել 12 մարդ, հայկական կողմին ՝ 44 մարդ>, - հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ։
Նշենք, որ նախօրեին ուշ երեկոյան <Էրեբունի> օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը, որոնց դիմավորել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ գերիներին անմիջապես տեղափոխել են հոսպիտալ։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, մարդու իրավունքների պաշտպանը աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում է՝ Ադրբեջանից հայրենիք վերադարձած տղաների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար:



