Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանի տարբեր հատվածներում ։
Այսպես՝ վաղ առավոտյան ակցիայի մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մետրոպոլիտենի գործունեությունը, որը կարողացել է աշխատանքը վերսկսել 09:45-ին: Այնուհետև մի խումբ քաղաքացիներ կաթվածահար են արել երթևեկությունը Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական - Թոթովենց խաչմերուկում, ևս մեկ խումբ ՝ Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ - Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում:
Այժմ մի խումբ քաղաքացիներ Իսահակյան-Տերյան խաչմերուկում փակել են ճանապարհը ։ Ցուցարարներին ուղեկցում են իրավապահները։ Քաղաքացիները վանկարկում են ՝ <Նիկոլ, դավաճան>, <Նիկոլ, հեռացիր>։
Այսօր հերթական հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայրենիքի փրկության շարժումը, որում ընդգծվում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը համազգային պահանջ է դարձել:
<Ամեն օր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միանում Հայաստանի նորանոր համայնքներ ու բնակավայրեր: Այդ պահանջով հանդես են եկել մեր երկրի գիտակրթական, մշակութային, առողջապահական, փաստաբանական և այլ հանրույթներ, Սփյուռքի կառույցներ, գործարարներ, անգամ ուժային ոլորտի ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անհապաղ հեռանալու պահանջով փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ>,- նշվում է շարժման հայտարարության մեջ։
Հարկ է նշել, որ որոշ հատվածներում բախումներ են տեղի ունենում բողոքի ակցիաների մասնակիցների և այլ քաղաքացիների, իրավապահների միջև ։ Արդեն կան ակցիայի ձերբակալված մասնակիցներ։