Արմինֆո."Ադրբեջանի պատմական հողերի ազատագրումն օկուպացիայից չի նշանակում պայքարի ավարտ, քաղաքական եւ ռազմական ոլորտներում ջանքերը կշարունակվեն ամենատարբեր ոլորտներում", - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը' այսօր Բաքվում կայացած Հաղթանակի զորահանդեսի ժամանակ, հավելելով, որ "Ղարաբաղը Ադրբեջանն է": Նա նշել է, որ Թուրքիան եւ նրա ժողովուրդը այսուհետ եւս կաջակցեն եղբայրական Ադրբեջանին "մեկ ազգ, երկու պետություն" կարգախոսի ոգով:
"Նրանք, ովքեր տարածաշրջանը դատապարտում են ավերածությունների, մահվան եւ արցունքների՝ պետք է խելքի գան: Հուսով եմ, որ հայ քաղաքական գործիչները ճիշտ կվերլուծեն տեղի ունեցածը և համարձակ քայլեր կձեռնարկեն խաղաղ ու կայուն ապագա ձևավորելու ուղղությամբ", - հայտարարել Է Էրդողանը, չգիտես ինչու լռելով, որ հենց թուրքական կողմն է ապակայունացնող գործոն տարածաշրջանում և մահ, արցունքներ ու ավերածություններ է բերում ամենուր, որտեղ հայտնվում է:
Ընդ որում, Թուրքիայի նախագահը հայ ժողովրդին կոչ է արել դուրս գալ հայկական սփյուռքի ազդեցության տակից, որը "շահարկում է պատմական ստերը", հավանաբար, նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հայկական սփյուռքի ջանքերը: Էրդողանը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ հայկական լոբբին բավականաչափ հաջողությամբ առաջ է տանում իր օրակարգը արդարության հաղթանակի և 20-րդ դարի առաջին ցեղասպանության համար մեղավոր պետությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ։ "Հայերը պետք է գիտակցեն, որ ոչինչ չեն հասնի՝ գործելով Արևմուտքի իմպերիալիստների ցուցումով ։ Թշնամանքը պետք է տեղ թողնի բարիդրացիության համար",- ասել է թուրք առաջնորդը՝ հավելելով. "Թող այսօր Սուրբ լինի Էնվեր փաշայի հոգին" (1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը-խմբ.)։ Էրդողանը վստահեցրել է, որ եթե հայ ժողովուրդը "կարողանա դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից, ապա տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի"։ Իսկ գովաբանելով Էնվեր փաշայի հիշատակը՝ նա, հավանաբար, ակնարկել է, որ եթե հայերը չընդունեն իրենց պայմանները, ապա նրանց սպասում է Արևմտյան Հայաստանի հայրենակիցների ճակատագիրը։