Արմինֆո.Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության արդյունքում տուժած որոշակի խումբ անձանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, որոշմամբ առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Ըստ այդմ, նախատեսվում է «ՀՀ պետբյուջեի մասին» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում դեպքերի թվի ավելացում շուրջ 4000-ով, որի համար կպահանջվի լրացուցիչ շուրջ 2,870 մլրդ ՀՀ դրամ:
Կարևորելով ընդունված որոշումը վարչապետը նշել է, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա: «Ընդ որում այդ ծախսերը վերցնում է իր վրա՝ ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության հետ: Այսինքն՝ վերականգնողական բուժման կարիք ունեցող քաղաքացին ինքն է ընտրում բուժհաստատությունը, իսկ կառավարությունը կվճարի այդ բուժման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: