Արմինֆո.ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր մի խումբ փաստաբանների եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հետեւանքով գերիների փոխանակման եւ աճյունների հայրենադարձության հետ կապված գործընթացները:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը, Թրեյսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համար գերիների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը առաջնահերթություն են: Նա դատապարտել է գերիների նկատմամբ բռնության ակտերը եւ ընդգծել, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Դեսպանը նաեւ ընդգծել Է ԱՄՆ-ի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության կայուն քաղաքական լուծում գտնելու գործին:
Նշենք, որ Հայաստանի եւ Արցախի օմբուդսմեններն այսօր հրապարակել են նոր համատեղ զեկույց՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»: Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է: Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճած թիրախում ունենալով երեխաների: Ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումը ոչ միայն մնալու է անպատիժ, այլ արժանանալու է իշխանական ու հասարակական գովասանքի: Հաղորդվում է, որ զեկույցը կուղարկվի միջազգային մարմիններին: Հղումը՝ https://bit.ly/39MlsnP: