Արմինֆո. Դեկտեմբերի 4-ին, ժամը 08:30-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները Լոռու մարզի Թումանյան-Սանահին հատվածում երկաթուղային գծերի վրա հայտնաբերել են ավտոճանապարհից ընկած մեքենան: «Opel Zafira» մակնիշի 90OT101 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին կամ հավանական ուղևորներին տեղում հայտնաբերել չի հաջողվել: Այդ մասին հաղորդել է ՀԿԵ մամուլի ծառայությունը:
«Դատելով ասֆալտի վրա անվադողերի հետքերից՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն գլորվեց ճանապարհից և հայտնվեց երկաթուղային գծերի վրա: Բարեբախտաբար, վթարի պահին այս հատվածում գնացքի բացակայության պատճառով հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ աղետից: 2020 թվականին սա թվով արդեն հինգերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում է երկաթուղային գծերի վրա մեքենա ընկնում: ՀԿԵ-ն իր հերթին ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար և տրանսպորտային միջոցների վարորդներին կրկին հորդորում է խստորեն պահպանել երթևեկության կանոնները», - ասվում է հաղորդագրությունում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: