Արմինֆո. Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան "աստանացնում են" (նմանություն Սիրիայի կարգավորման Աստանայի ձեւաչափին) Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի եւ Լիբիայի հակամարտությունները, այսինքն, ԵՄ-ին դուրս են մղում կարգավորման գործընթացից: Նա այդ մասին հայտարարություն է զետեղել իր բլոգում։
"Այն հակամարտություններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Լիբիան և Սիրիան, մենք դիտարկում ենք տարածաշրջանային հակամարտությունների «աստանացման» ձև (Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի նման), ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործընթացից՝ հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի», - հայտարարել է նա: Բորելի համոզմամբ, Եվրամիությունը պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ վտանգված են ԵՄ շահերը: «Ուստի մենք պետք է վերացնենք մեր ներուժի շատ բացեր, ինչպես նաև ներկա գտնվենք և ակտիվ գործենք այնտեղ, որտեղ վտանգված են մեր շահերը», - հավելել է նա: