Արմինֆո. Ամերիաբանկը դեկտեմբերի 7 - ին ձեռնամուխ կլինի հերթական անվանական, արժեկտրոնային եւ ոչ փաստաթղթային դրամային 5 մլրդ դրամի եւ 15 մլն դոլարի պարտատոմսերի 'տեղաբաշխմանը: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված թողարկումների ազդագրերում, որոնց համաձայն, տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2021 թվականի փետրվարի 19-ին:
Դրամային տրանշի շրջանակներում կթողարկվի 100 հազար դրամ անվանական արժեքով 50 հազար պարտատոմս, իսկ դոլարայինի շրջանակում' 100 դոլար անվանական արժեքով 150 հազար պարտատոմս: Դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվել է 9,75%, իսկ դոլարային պարտատոմսերինը ' 5%: Երկու տրանշով արժեկտրոնային վճարումների պարբերականությունը նախատեսված է եռամսյակը մեկ անգամ: Այդ թողարկումների ամբողջական մարումը նախատեսված է 2023 թվականի մարտի 7-ին։
Այդ թողարկումների պարտատոմսեր ձեռք բերել ցանկացողները կարող են միջոցներ փոխանցել Ամերիաբանկում բացված համապատասխան հաշիվներին. դրամային տրանշի համար' 1570043120372900, դոլարային տրանշի համար' 1570043100494501:
AMXի տվյալներով ՝ ֆոնդային բորսայում ս.թ. դեկտեմբերի 3 - ի դրությամբ գնանշվում է Ամերիաբանկի պարտատոմսերի 16 թողարկում ՝ 11 դոլարային և 5 դրամային: Դոլարային թողարկումների ընդհանուր ծավալը կազմում է 90.710 մլն դոլար, իսկ դրամայինինը՝ 17.1 մլրդ դրամ ։ Դոլարային տրանշերի մարումը տեղի կունենա 2021-2023թթ. մայիսին, սեպտեմբերին և նոյեմբերին' չորս տրանշ , 2022թ. փետրվարին, հունիսին, հուլիսին, հոկտեմբերին և դեկտեմբերին' վեց տրանշ, իսկ 2023թ.մայիսին ' մեկ տրանշ: Իսկ դրամային տրանշերը մարվելու են 2021թ. սեպտեմբերին (մեկը), 2022թ. փետրվարին, հուլիսին և նոյեմբերին (չորսը)։ Իսկ վերոնշյալ երկու տրանշերի տեղաբաշխմամբ բորսայում գնանշվող դոլարային թողարկման ծավալը (արդեն 12-ն է) կհասնի 105.71 մլն դոլարի, իսկ դրամային (արդեն հինգը) ՝ 22.1 մլրդ դրամի։
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.12.2019 թ. տվյալներով, Ամերիաբանկն առաջատար է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների ծավալով ' 54.6 մլրդ դրամ կամ 113.8 մլն դոլար: Եռամյա կտրվածքով բանկն այդ ցուցանիշը ավելացրել է 3 անգամ: Բանկային հատվածում այս ցուցանիշի ընդհանուր ծավալում Ամերիաբանկին բաժին է ընկել շուրջ 30%: Մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից Ամերիաբանկի ներգրաված միջոցների ծավալը հասել է 68.9 մլրդ դրամի ($141 մլն) ' ապահովելով 28.8% տարեկան աճ, այս տարվա 9 ամիսների ընթացքում՝ 26,2%, միայն III եռամսյակում՝ 25,5%: Ամերիաբանկը բավականին ակտիվ է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայում ՝ թողարկելով իր արժեթղթերը 2016թ. մարտից, և նույն թվականին նախաձեռնելով առաջին թողարկումը միջազգային շուկայում ՝ հունիսին իր ներդրումային կառավարչի ՝ responsAbility Investments AG միջոցով, հաջողությամբ տեղաբաշխեց $20 մլն ծավալով պարտքային արժեթղթեր լյուքսեմբուրգյան 4 ներդրումային ֆոնդերում: Ամերիաբանկը բազմիցս ճանաչվել է "արժեթղթերի միջազգային շուկայում Դեպոզիտար համակարգի հաշվի կաստադիան լավագույն օպերատոր":
Հիշեցնենք, որ 1996թ. հոկտեմբերի 31-ից հայաստանյան շուկայում գործող Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: 2020թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են հանդիսանում Imast Group (CY) Limited (նախորդ անվանումը 'Ամերիա Գրուպ (Սի - Ուայ) Լիմիթեդը)' 48,95%, ՎԶԵԲ - ը' 17,76%, Ասիական զարգացման բանկը' 13,94%, ESPS Holding Limited-ը' 11,83% և Afeyan Foundation for Armenia Inc.-ը՝ 7,52%.