
Արմինֆո.ՏԿԵ Նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ՀՀ կառավարության ներդրումներով և Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով մեկնարկել են Երևանի 116-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։
Դպրոցը գտնվում է Մալաթիա - Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում։ Եռահարկ շինությունը կառուցվել է 1976 թվականին և այժմ գտնվում է ոչ սեյսմակայուն վիճակում։ Չնայած, որ դպրոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած, կահավորված համակարգչային կաբինետ, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի կահավորված լաբորատորիաներ, շենքային պայմանները այլևս անհնարին էին դարձնում որակյալ կրթության ապահովման գործընթացն այդ տարածքում, ուստի որոշվել է շենքը հիմնովին քանդել և կառուցել նորը։
Նորակառույց դպրոցը կլինի սեյսմակայուն` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, կունենա հակահրդեհային և ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, հարմարավետ մարզադահլիճ։
Երևանի 116-րդ դպրոցի կառուցման համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար դրամ, որից 16,7 %-ը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը վարկ է` Ասիական զարգացման բանկից։ Նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացնում է սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիր, որը ենթադրում է ՀՀ տարածքում առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում և 18.900 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախատեսված է նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարական ուղեցույցների մշակում, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզի մշակում, սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում և այլն: Ծրագրի շրջանակում արդեն կան ձեռքբերումներ: Մասնավորապես՝ ավարտվել է Երևանի 153-րդ և Վանաձոր 7-րդ դպրոցների կառուցման աշխատանքները: Աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են յոթ դպրոցներում, դրանք են՝ Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը, Երևանի թիվ 135 հիմնական դպրոցը, Գավառի թիվ 2 հիմնական դպրոցը, Երևանի թիվ 51 հիմնական դպրոցը, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցը, Երևանի «Հերացու անվան ավագ դպրոց», որոնցից երկուսը այս պահին գտնվում են ավարտական փուլում, իսկ Երևանի թիվ 6 և 95 դպրոցների համար հայտարարվել է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթային գործընթաց: Ընթանում են 22 դպրոցների նախագծման աշխատանքները, ևս 2 դպրոցի նախագծման աշխատանքների իրականացման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ:Այս տարի կանխատեսվում է առնվազն չորս դպրոցի կառուցման ավարտ, ևս տասնհինգ դպրոցի շենքերի նախագծման աշխատանքների ավարտ, ինչպես նաև բացի նոր հայտարարված վերը նշված 2 դպրոցներից՝ տարվա ընթացքում կհայտարարվեն ևս առնվազն 12 դպրոցների շինարարական աշխատանքների իրականացման մրցույթներ: Այսպիսով՝ ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշ 46 դպրոցներից այս պահին 2-ը ավարտվել են, 7-ը կառուցման փուլում են, 2-ի կառուցման համար հայտարարվել է մրցույթ, 23-ը նախագծման փուլում են, այսինքն՝ 46-ից 34-ը գտնվում են տարբեր գործընթացներում, իսկ 12-ի խնդիրները նախատեսվում է լուծել ծրագրի խնայողությունները հստակեցնելուց, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելուց հետո, որի գործընթացն ակտիվորեն իրականացվում է: Ծրագիրը սկսվել է 2015 թվականին, ավարտը նախատեսված է մինչև 2024 թվականը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն. դոլար, որից Ասիական զարգացման բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18,5 մլն դոլար: