Արմինֆո.Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետը երախտագիտություն է հայտնել Ջորկաեֆ եղբայրներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստանի ու Արցախի կողքին լինելու, սատար կանգնելու համար:
«Ուրախ եմ ևս մեկ անգամ հյուրընկալելու ձեզ: Շատ կարևոր է այն գործունեությունը և աջակցությունը, որ Ջորկաեֆների ընտանիքը ծավալում է հանուն Հայաստանի և Արցախի: Այս բարդ ժամանակներում մենք պետք է միահամուռ լինենք և մեկտեղենք համազգային ներուժը՝ դժվարությունները հաղթահարելու և առաջ շարժվելու համար: Պետք է լինենք առավել ակտիվ և առավել սերտ փոխկապակցված», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Յուրի Ջորկաեֆը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հայ համայնքը միշտ նեցուկ կլինի հայ ժողովրդին, Հայաստանին և Արցախին: «Պարոն վարչապետ, մենք այսօր այստեղ ենք՝ մարդասիրական, բարոյական աջակցություն տրամադրելու համար և նաև վկայելու հայ-ֆրանսիական ամուր կապերի մասին: Մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը, շարունակելու ենք լինել ձեր կողքին», - ասել է նա:
Հանդիպմանը քննարկվել են ստեղծված իրավիճակում համազգային ներուժի համախմբմանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը, հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին վերաբերող և այլ հարցեր: