Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի համատեղ դիտորդական կենտրոնի գործունեության տեխնիկական հարցերի շուրջ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում ստորագրվել է համապատասխան արձանագրություն: Այդ մասին հաղորդել է "Անադոլուն"՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը։
"Արձանագրությունը սահմանում է Ղարաբաղի հարցով համատեղ կենտրոնի աշխատանքի հիմքերն ու սկզբունքները ։ Աշխատանքներ են տարվում թուրք-ռուսական համատեղ կենտրոնի շուտափույթ գործարկման ուղղությամբ", - նշել են Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունում։
Համատեղ մոնիթորինգային կենտրոն ստեղծելու շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նոյեմբերի 11-ին Թուրքիայի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի եւ Սերգեյ Շոյգուի միջեւ:
Նոյեմբերի 9 - ին ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, հաղորդել է, որ ադրբեջանական եւ հայկական կողմերը կմնան գրավյալ դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ՌԴ-ից խաղաղապահներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման մասին, որը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում: Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական հրամանագրին, որով նախատեսվում է մեկ տարի ժամկետով զորք ուղարկել Ադրբեջան: