Արմինֆո. Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքները Թուրքիայի կողմից տեղափոխված սիրիացիների թուրքմեններով վերաբնակեցնելու մասին լուրերը իրականության վերածվելու շատ լուրջ ներուժ ունեն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
"Համոզված եմ, որ 44-օրյա պատերազմին Թուրքիայի ակնհայտ մասնակցության փաստն իսկ գրավված տարածքներում հետպատերազմյա կազմակերպմանը Թուրքիայի գործուն մասնակցության շարունակման վստահություն է ներշնչում։ Իհարկե, հաշվի առնելով սեփական քաղաքական առաջնահերթությունները ։ Մեկ այլ, շատ կարևոր հանգամանք էլ ժողովրդագրության ավանդական, բազմադարյա տեղն ու դերն է Անկարայի քաղաքականությունում։ Թուրքիան մշտապես իրականացրել է բոլոր գրավյալ տարածքներում ապագա սպառնալիքների չեզոքացման և թշնամական երկրների համար հավելյալ սպառնալիքների ստեղծման քաղաքականություն", - նշել է թուրքագետը։
Այս լույսի ներքո՝ Մելքոնյանը միանգամայն իրատեսական է համարում Արցախի գրավյալ տարածքները Թուրքիային լոյալ մարդկանց խմբերով բնակեցնելու հեռանկարը։ Նրա գնահատմամբ՝ խոսքը ահաբեկիչների և նրանց ընտանիքների մասին է։ Այն մարդկանց մասին, որոնք ունակ են Անկարայի համար անհրաժեշտ ցանկացած պահի քաղաքացիական բնակչությունից վերափոխվել արմատական ահաբեկիչների և մասնակցել ռազմական գործողություններին։ Ասել է թե՝ նման բնակչությունը, փաստորեն, Թուրքիային թույլ է տալիս ձեռքի տակ ունենալ մարտի պատրաստ ահաբեկչական ստորաբաժանումներ։
Թուրքիայի նման նպատակադրումը, փորձագետի գնահատմամբ, ինքնաբերաբար հակասության մեջ է մտնում Հայաստանի, Ռուսաստանի և, իհարկե, Իրանի շահերի հետ։ Եվ հենց նույն Ռուսաստանը չպետք է թույլ տա ահաբեկիչներին ամրապնդվել իր սեփական սահմաններին հարող տարածաշրջանում՝ սեփական շահերը պաշտպանելու նպատակով։ Մյուս կողմից, այդ տարածքում ահաբեկչական բնակչության ներկայությունը Մոսկվային քաղաքական հնարավորություն, հրաշալի առիթ է տալիս ցանկացած պահի հակաահաբեկչական գործողություն նախաձեռնելու համար։
"Արդյոք Մոսկվան ի սկզբանե կկանխի ահաբեկիչների տեղափոխումը Արցախի օկուպացված տարածքներ, թե կնախընտրի դրանց ի հայտ գալուց հետո հակամիջոցների համար ավելի լուրջ հիմքեր ստեղծել, պարզ կդառնա տեսանելի ապագայում։ Բայց այն, որ Մոսկվան և Թեհրանը չեն կարող թույլ տալ, որ Արցախի տարածքներում թուրքմեններ տեղակայվեն՝ ի շահ Թուրքիայի, միանշանակ է։ Այսպիսով, Ռուսաստանն ու Իրանը անխուսափելիորեն քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ արդեն հիմա, կամ մոտ ապագայում։ Ժամկետների սահմանումը կախված է բացառապես քաղաքական նպատակահարմարությունից։ Սակայն, այն, որ հենց ահաբեկիչների ներկայությունը կդառնա Ռուսաստանի կամ Իրանի հետ Թուրքիայի ապագա հակամարտության առանցքային տեսանելի պատճառներից մեկը, հասկանալի է արդեն այսօր", - ամփոփել է Մելքոնյանը։