Արմինֆո. ՆԱՏՕ-ն ՌԴ ակտիվության ուժեղացում է տեսնում Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին նոյեմբերի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Այդ կապակցությամբ նա տեղեկացրել է, որ այդ հարցերը կքննարկվեն դեկտեմբերի 1-2-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով:
"Նախարարները կքննարկեն, թե ուրիշ ինչ կարող ենք անել՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական ակտիվության ընդլայնման։ Ռուսաստանը արդիականացնում է իր միջուկային զինանոցը եւ նոր հրթիռներ է ստեղծում, նոր ուժեր է ծավալում ծայրահեղ հյուսիսից մինչեւ Լիբիա եւ Սիրիա: Մենք նաեւ տեսնում ենք ռուսական ռազմական ներկայության ուժեղացում Լեռնային Ղարաբաղում եւ Բելառուսում ճգնաժամերի հետեւանքով ", - ասել է գլխավոր քարտուղարը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Ստոլտենբերգը նշել է, որ այդ կապակցությամբ նախարարները կխոսեն նաեւ Ռուսաստանի աճող ռազմական ակտիվությանը հակազդելու միջոցների եւ սպառազինությունների վերահսկման մասին, ներառյալ միջուկային մարտագլխիկները, այն բանի ֆոնին, որ ՍՉՀ-3-ի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին: