Արմինֆո. «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների հարցով երեկ ՌԴ նախագահին ուղարկված դիմումից հետո իրավիճակը քննարկել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ, որի արդյունքում ծնվել է մի նոր առաջարկություն: Այդ մասին Էդմոն Մարուքյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Այսպիսով, ելնելով ստեղծված իրապես օրհասկան վիճակից, առաջարկում ենք նաև ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին, կկանխարգելի ռազմագերիների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը, կճշտի նրանց ընդհանուր թվաքանակը՝ պահվող երկու կողմերում, իրական գտնվելու վայրերը և պահման պայմանները: Հանձնաժողովը պետք է հնարավորինս արագ ստեղծվի՝ ի պաշտպանություն ռազմագերիների և հանուն նրանց անհապաղ վերադարձի իրենց ընտանիքներ», - գրել է Մարուքյանը: