Արմինֆո. Փարիզը չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
"Նոյեմբերի 25-ին Սենատն ընդունել է բանաձև, որը կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Քվեարկությանը նախորդած բանավեճերի ժամանակ ԱԳՆ-ի պետական քարտուղար Ժան Բատիստ Լեմուանը հիշեցրել է այդ հարցի վերաբերյալ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը: Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը", - նշվում է հայտարարության մեջ:
Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են, որ Փարիզի ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պարտականությունն է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների միջոցով, այդ կապակցությամբ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը, եւ այդ բանակցությունների ելքը չի կարող որոշվել նախապես եւ միակողմանի կարգով: "Մեր առաջնահերթությունն այսօր պետք է լինի վերջին մի քանի շաբաթների հակամարտության արդյունքում տեղահանված անձանց անվտանգ վերադարձի ապահովումը ։ Սենատին ուղղված իր ուղերձում պետքարտուղարը նաեւ հիշեցրել է, որ ոչ մի պետություն դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը", - նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Փարիզում կրկին ընդգծել են հակամարտության կայուն կարգավորման հասնելու հանձնառությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության եւ արժանապատվության պահանջները: "Ֆրանսիան կշարունակի անել իրենից կախված ամեն ինչ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համար։ Հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համապատասխան շրջանակներում առաջ շարժվել բոլոր այն պարամետրերով, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն նոյեմբերի 9 - ին կնքված հրադադարի համաձայնագրից հետո, մասնավորապես, հակամարտության ընթացքում ներգրավված օտարերկրյա վարձկանների դուրս բերման եւ տարածաշրջանի պատմական եւ մշակութային ժառանգության պաշտպանության մասին", - նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում՝ այդ համատեքստում հիշեցնելով նաեւ հակամարտության հետեւանքով տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու ֆրանսիական կողմի կառուցվածքային գործողությունների մասին:
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 "կողմ" և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։ Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից, պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։ Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։
Ֆրանսիայի Սենատի կողմից այս բանաձևի ընդունումն արդեն ողջունել են Հայաստանի ԱԳՆ-ն, Արցախի ԱԳՆ-ն, ամենայն հայոց Գարեգին Բ կաթոիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Բաքվում քննադատել են այդ բանաձևը՝ փաստաթուղթը որակելով թղթի կտոր։