Արմինֆո. Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւին: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ֆրանսիացի խորհրդարանականների որոշումը համարել են "միջազգային իրավունքի տարրական նորմերի եւ արդարության սկզբունքների անտեսման հերթական ցուցանիշ՝ ի շահ ներքաղաքական շահերի":
"Ադրբեջանական զորքերը հենց Ադրբեջանի տարածքից դուրս բերելու Ֆրանսիայի Սենատի կոչը զավեշտալի է, հեռու է իրականությունից և կանխակալ։ Փաստաթղթում Թուրքիայի հասցեին պարունակվող պնդումները նույնպես անիմաստ են։ Ֆրանսիայի Սենատի որոշումը բացահայտում է այն իրական պատճառները, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները մինչ օրս նույնիսկ չեն փորձել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը",- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Անկարան նաեւ բանաձեւը որակել է "առողջ բանականությունից հեռու", վստահեցնելով, որ այդ քայլը, փաստորեն, սահմանափակում է խնդիրների կարգավորման գործում ներդրում ունենալու Փարիզի ՝հնարավորությունները: "Թուրքիան հույս ունի, որ Փարիզը վերջապես ճիշտ դասեր կքաղի 30-ամյա հակամարտությունից, եւ կարող է նպաստել կայունությանը Հարավային Կովկասում: Դրա համար բավական է հաշվի առնել առկա իրողությունները եւ չշեղվել միջազգային իրավունքի տառից։ Անկարան պատրաստ է համագործակցել բոլոր երկրների, այդ թվում ՝ Ֆրանսիայի հետ հակամարտության տարածաշրջաններում խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ", - ընդգծել են Թուրքիայի ԱԳՆ-ում։
Նշենք, որ նախօրեին Ֆրանսիայի Սենատը 305 "կողմ" և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը ներկայացվել է 5 քաղաքական խմբակցությունների կողմից: Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների մասնակցությամբ ՝ պահանջելով դուրս բերել զորքերը սեպտեմբերի 27-ից հետո գրավված տարածքներից: Բացի այդ, կառավարությունից պահանջում է գործադրել բոլոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու համար, ինչը թույլ կտա վերականգնել 1994 թվականի սահմանները, իսկ դա իր հերթին կապահովի հայ բնակչության անվտանգությունն ու բռնի տեղահանվածների վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Բանաձևում մատնանշելով Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում կատարելով Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության հանձնաժողովի և ՄԱԿ-ի Ռասայական խտրականության կոմիտեի (CERD) Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, նշվել է ԱՀ-ում հայ բնակչության բնակության անհնարինությունը:
Ֆրանսիայի Սենատի կողմից այս բանաձևի ընդունումն արդեն ողջունել են Հայաստանի ԱԳՆ-ն, Արցախի ԱԳՆ-ն, ամենայն հայոց. Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Բաքվում քննադատել են այդ բանաձևը ՝ փաստաթուղթը որակելով թղթի կտոր։