Արմինֆո. ANCA-ն ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւի ընդունումը եւ կոչ է անում ԱՄՆ վարչակազմին եւ Կոնգրեսի առաջնորդներին համանման միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում արդար եւ կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ավելի լայն ջանքերի շրջանակներում: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդագրության մեջ, որն ստացվել է ԱրմԻինֆո-ում:
"Մենք ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի համընդհանուր ճանաչումը և կոչ ենք անում Միացյալ Նահանգներին ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, միանալ Արցախի կարգավիճակի ճանաչմանը ՝ որպես ազատ և անկախ հանրապետություն", - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ընդ որում, նա հավելել է, որ մի քանի շաբաթ շարունակ Արցախի քաղաքացիների դեմ ռազմական հանցագործությունների մեջ մեղավոր ալիեւյան (Ադրբեջանի նախագահ) ռեժիմը որեւէ իրավական, քաղաքական կամ բարոյական հիմք չունի հակազդելու Արցախի անկախության միջազգային ճանաչմանը:
Համբարյանը նաև Արցախի կողմնակիցներին հորդորել է կոչ անել նախագահ Թրամփին, ընտրված նախագահ Բայդենին, սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ https://anca.org/RecognizeArtsakh հարթակի միջոցով:
Նշենք, որ նախօրեին Ֆրանսիայի Սենատը 305 "կողմ" և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։ Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից, պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։ Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։
Ֆրանսիայի Սենատի կողմից այս բանաձևի ընդունումն արդեն ողջունել են Հայաստանի ԱԳՆ-ն, Արցախի ԱԳՆ-ն, ամենայն հայոց Գարեգին Բ կաթոիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Բաքվում քննադատել են այդ բանաձևը՝ փաստաթուղթը որակելով թղթի կտոր։