Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը նոյեմբերի 24-ի դռնփակ նիստում որոշել է բավարարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը քննելու խնդրանքով:
<Դա քաղաքական որոշում է։ Իշխող <Իմ քայլը> դաշինքի բոլոր 10 ներկայացուցիչները կողմ են քվեարկել Սահմանադրական դատարան դիմելուն ՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը քննելու համար>, - լրագրողներին հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ։ Նա նշել է, որ այն հիմնավորումները, որոնք ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այնքան անհամոզիչ են, որ կարող են վկայել միայն իշխանությունների կողմնակալ դիրքորոշման մասին:
<Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ընդգծել է, որ որևէ հիմնավորում չկա, և ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաշվեհարդար տեսնելու գործընթաց ։ Արցախը հանձնելուց հետո, շարունակել է Նաիրա Զոհրաբյանը, Նիկոլ Փաշինյանը փոխանակ զբաղվի ռազմագերիների հարցերով, փոխանակ ոստիկաններին, որոնք Երևանի փողոցներում հետապնդում են ցուցարարներին, ուղարկի Արցախ, որպեսզի աջակցեն քաղաքացիներին գույքը դուրս բերելու հարցում, զբաղվում է հաշվեհարդարով: