Արմինֆո. Արցախում զրոյական արդյունքով մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի որոշ դիվանագիտական քայլերի և բառախաղի ավարտը հանգեցրեց Ռուսաստանի հարկադրված միջամտության։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի գծով ռուսաստանցի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը։
"Մարտական գործողությունների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկու երկրները ցուցադրեցին հակամարտության կարգավորման հարցում սեփական հնարավորությունների սահմանափակումը, ինչն էլ հանգեցրեց անձամբ ՌԴ նախագահի՝ իրավիճակին հարկադրված եւ արագ միջամտության, որից հետո հակամարտող կողմերը կանգ առան նոյեմբերի 9-ին դիրքերում։ Եվ հիմա Ռուսաստանի արևմտյան գործընկերները փորձում են ինչ-որ կերպ հարմարվել նոր իրողություններին, այն է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը", - կարծում է վերլուծաբանը։
Մեկնաբանելով Մինսկի գործընթացի վերսկսման հեռանկարը՝ Արեշեւը ենթադրել է, որ մոտ ժամանակներս դա ակնկալել չի կարելի: Առաջին հերթին՝ Բաքվի կողմից Արցախի կարգավիճակի հարցի քննարկումից հրաժարվելու պատճառով։ Այս լույսի ներքո, նրա գնահատմամբ, այդ հարցը բանակցային ինչ-որ փուլում վերադարձնելու համար անհրաժեշտ կլինեն լրջագույն քաղաքական և դիվանագիտական ջանքեր։
Այս փուլում, նրա կարծիքով, հնարավոր է միայն հակամարտության կողմերի միջև նոր սահմանագծերի հստակեցում, որոնք, ցավոք, դարձան վերջին պատերազմի արդյունք։ Այդ թվում՝ հայկական կողմի վերահսկողության տակ մնացած տարածքի բնականոն կենսագործունեության ապահովման նպատակով, որտեղ ակտիվորեն աշխատում են ռուսական խաղաղապահ ուժերը։
Արեշևը Արցախի վերաբերյալ ավելի լայն և բովանդակային օրակարգի անցնելու ևս մեկ պայման է համարում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կարգավորումը։ Երկրի դուրս գալը տուրբուլենտությունից, որում Հայաստանը հայտնվել է իրականության նկատմամբ իր ղեկավարության ոչ ադեկվատ վերաբերմունքի արդյունքում։ Նրա կարծիքով ՝ Հայաստանի ռազմական պարտության, ծանր ռազմական կորուստների են հանգեցլ հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության նման քայլերը։ Ըստ ռուս վերլուծաբանի՝ այսօր կարևոր է նաև տնտեսական խնդիրների լուծումը, կորուստների վերականգնումը։ Նրա կարծիքով, այդ հարցերը Հայաստանը լիովին կարող է լուծել ռուսական ակտիվ աջակցությամբ։ Հատկապես, հաշվի առնելով հանգամանքը, որ Մոսկվան այդ ուղղությամբ արդեն ակտիվ ջանքեր է գործադրում՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու միջոցով։ Այս փուլը, նրա կարծիքով, ենթադրում է սերտ համագործակցություն երկու երկրների ռազմական, դիվանագիտական և տնտեսական գերատեսչությունների միջև։ Եվ որոշումները, նրա կանխատեսմամբ, չեն ստիպի երկար սպասել։