Արմինֆո. Նոյեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանին:
Ինչպես հաղորդել է Իրանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայյությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է եղել գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացմանը և մինչ 2020 թ. ավարտը կողմերի առաջիկա անելիքներին:
Նշենք, որ Իրանը Հայաստան գազ է մատակարարում "էլեկտրաէներգիա գազի դիմաց" բարտերային գործարքի շրջանակում։ Իրանական կողմը Հայաստան է մատակարարում "երկնագույն վառելիք" ՝ փոխարենը ստանալով Հայաստանի ջերմային բլոկների արտադրած էլեկտրաէներգիան՝ 1 խմ գազ 3 կՎտ/Ժ էլեկտրաէներգիայի դիմաց։ Բացի այդ, իրականացման փուլում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի կառուցման նախագիծը։ Իրան-Հայաստան միջանցքի հատվածը կառուցում է իրանական կողմը: