Արմինֆո. Թուրք զինվորականները ՌԴ-ի հետ համատեղ կգործեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մոնիթորինգային կենտրոնում՝ մեկ տարվա ընթացքում, հաղորդել է "ՌԻԱ Նովոստի"-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Ինչպես նախօրեին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, թուրք զինվորականները մոտ ժամանակներս կմեկնեն Ադրբեջան, ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստությունը: "Մեր զինվորականները ՌԴ - ի հետ համատեղ կաշխատեն (Լեռնային Ղարաբաղի հարցով) մեկ տարվա ընթացքում", - հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան եւ Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, նրանք կմասնակցեն "համատեղ խաղաղապահ առաքելությանը": Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Անկարան Ղարաբաղի հարցով կաշխատեն մոնիթորինգային կենտրոնում՝ Ադրբեջանի տարածքում, եւ "համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի գնացել" ։