


Արմինֆո. Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիվանագետները կժամանեն Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկելու նպատակով: Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին հաղորդել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելելով, որ ռուսական կողմից հանդիպումը անցկացնում է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Իգոր Պոպովը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հաղորդել էր, որ նոյեմբերի 18-ին Մոսկվայում կկայանա հանդիպում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով՝ դիվանագետների մասնակցությամբ: "Մի կողմից՝ հրադադարի այս ռեժիմն անհրաժեշտ էր հազարավոր կյանքեր փրկելու համար .. Բայց, մյուս կողմից, այս հրադադարի ռեժիմը չի կարգավորում էությունը։ Եվ հարցը, որ հիմա կա, այն է, թե ինչպես վաղը կկարգավորվի խնդիրն ըստ էության։ Այդ քննարկումներն արդեն սկսվել են երեկ Փարիզում, մի կողմից՝ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, մյուս կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ իմ միջեւ։ Վաղը հանդիպում կլինի Մոսկվայում այն ներկայացուցիչների հետ, որոնք պատասխանատու են այդ դոսյեի համար, որպեսզի վերացնեն հրադադարի ռեժիմի անորոշությունները", - ասել Է Լե Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովում։


