Արմինֆո. ՌԴ ԱԻՆ ճամբարը Ստեփանակերտի մոտ տեղակայված է Իվանյան գյուղում։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ռուս փրկարարների խմբավորմանը տրամադրվել է գյուղական վարչակազմի շենքը, որտեղ կտեղակայվեն Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ շտաբն ու աշխատակիցները: Այստեղից համակարգվելու են ԱԻՆ օպերատիվ խմբի գործողությունները և հատուկ կապ է իրականացվելու Մոսկվայի հետ։ Առաջիկայում կլուծվի Ռուսաստանի փրկարարների խմբավորումը համալրելու անհրաժեշտության հարցը։ Այժմ տարածաշրջանում աշխատում է ՌԴ ԱԻՆ 30 աշխատակից։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից հաղորդել էին, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում սկսել է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորումը: Խմբավորումը համալրելու համար կիրակի օրվանից իրականացվում է ՌԴ ԱԻՆ օպերատիվ խմբի վերադասավորում, որը կընդգրկվի օպերատիվ արձագանքման գերատեսչական կենտրոնի կազմում: Մոտ ժամանակներս խմբավորումը կհամալրվի Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության ուժերի եւ միջոցների, գործադիր իշխանության մյուս դաշնային մարմինների ներկայացուցիչների հաշվին: Նոյեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին: Դրա կազմում ընդգրկվել են ԱԻՆ, ԱԳՆ եւ ԱԴԾ, գործադիր իշխանության շահագրգիռ այլ դաշնային մարմինների ներկայացուցիչներ: Կազմակերպչական հարցերի լուծումը դրվել է ՊՆ-ի վրա ։
Նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Փաստաթղթով նախատեսվում է տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայում։