Արմինֆո. Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հաջորդ շաբաթ Թուրքիա կատարած այցի ընթացքում չի հանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամ կառավարության այլ ներկայացուցիչների հետ, ինչը չափազանց անսովոր իրավիճակ է: Վարչակազմում հայտարարել են, որ ցանկանում են խուսափել հնարավոր կոնֆլիկտներից, իսկ թուրք պաշտոնյաներն իրենց կողմից դա համարել են վիրավորանք, հաղորդում Է Bloomberg գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղարը ծրագրում է երկարատև ուղևորություն դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք և Կովկաս ։ Նա մտադիր է տասն օրվա ընթացքում այցելել յոթ երկիր, այդ թվում ՝ Վրաստան, Իսրայել, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Թուրքիա եւ Ֆրանսիա:
Սակայն, ուղևորությունից առաջ լարվածություն առաջացավ թուրքական կողմի հետ ։ Պետքարտուղարի աշխատանքային գրաֆիկում բացակայում են Թուրքիայի պետական գործիչների հետ հանդիպումները ։ Նա թռչում է ոչ թե Անկարա, այլ՝ Ստամբուլ ։ Այնտեղ նախատեսված է զրույց Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հետ ։ Հանդիպմանը քննարկվելու են <կրոնական հարցեր>, իսկ պետքարտուղարը ցանկանում է <արտահայտել Ամերիկայի ամուր դիրքորոշումը դավանանքի ազատության վերաբերյալ>, հայտնել են Պետդեպարտամենտում: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու լույսի ներքո դա մեծ դժգոհություն է առաջացրել թուրք պաշտոնյաների շրջանում ։ Թուրքիայի արտգործնախարարությունը Պոմպեոյի նախատեսված հանդիպումները <չափազանց անտեղի> միջամտություն է անվանել։
Հայտնի են դարձել նաեւ բավական հետաքրքիր մանրամասներ, որոնք հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, այնուամենայնիվ, փորձել է Պոմպեոյին համոզել այցելել Անկարա և երկկողմ հանդիպում անցկացնել, բայց մերժում է ստացել։ Պետդեպարտամենտում հասկացրել են, որ եթե նախարարը ցանկանա խոսել ԱՄՆ պետքարտուղարի հետ, նա կարող է գալ Ստամբուլ։