


Արմինֆո.Արդեն տևական ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները շուրջօրյա ձեռնարկում են բազմաբնույթ միջոցառումներ՝ հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Այդ մասին ասվում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
«Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր են տեղակայվել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին և իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Այս միջոցառումների շնորհիվ է, որ միայն վերջին օրերին հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, տարբեր տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, տարբեր հրազենների և տրամաչափի մի քանի հազար փամփուշտ, օպտիկական ու ջերմատեսիլ սարքեր, կապի միջոցներ, հանդերձանք և այլն։ Ոստիկանությունը շարունակելու է այս ուղղությամբ նույն հետևողականությամբ շուրջօրյա միջոցառումները։ Հորդորում ենք Արցախից ապօրինի կերպով Հայաստան բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար», - ասվում է հաղորդագրությունում։


