


Արմինֆո. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բոլոր արցախցիներին կոչ է արել վերադառնալ հայրենիք: Այդ մասին Հարությունյանը հայտարարել Է նոյեմբերի 11-ին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում։ "Ես խոստանում եմ, որ կլուծեմ բոլոր խնդիրները, կոչ եմ անում ձեզ գալ Ղարաբաղ ։
Մոտ ժամանակներս մենք կլուծենք ենթակառուցվածքների, ջրի, էլեկտրականության հետ կապված հարցերը, մենք կփորձենք լուծել գազի խնդիրը։ Ուզում եմ հավաստիացնել, որ մենք ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական խնդիրներ չլինեն", - ասել է Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների խնդիրներին, Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի կառավարությունը պատրաստ է նրանց տրամադրել նվազագույն սոցիալական, բնակարանային պայմաններ Երեւանում, իսկ հետո, եթե դա հնարավոր լինի նաեւ Արցախում: Արցախի նախագահը նաեւ կոչ է անում հեռու մնալ հանրահավաքներից եւ բողոքի ակցիաներից: "Մի մասնակցեք Երևանի փողոցներում ընթացող գործընթացներին։ Դուք ոչ մի կապ չունեք քաղաքական ինտրիգների հետ, հանգիստ եղեք ։ Մենք կարող ենք ամեն ինչ կազմակերպել, վերադարձեք տուն։ Ես հասկանում եմ, որ ձեզանից ոմանք հիմա շատ դառնացած են, բայց այստեղ է մեր տունը", - ասել է Հարությունյանը։
Նա նաեւ ընդգծել է, որ ստեղծված բարդ իրավիճակից միակ ելքը եռակողմ համաձայնագրի ստորագրումն էր: "Մեր մայրաքաղաք Ստեփանակերտը վտանգի մեջ էր։ Շուշին կորցնելուց հետո հակառակորդը շատ արագ մոտեցավ մայրաքաղաքի սահմաններին։ Մենք ուժ չունեինք մայրաքաղաքն ամբողջությամբ պաշտպանելու համար ։ Հակառակ դեպքում մեր կորուստները շատ ավելի շոշափելի կլինեին", - ընդգծել է Արցախի նախագահը:


