Արմինֆո. Չափազանց կարևոր է ճգնաժամային իրավիճակից դուրս գալ առանց նոր կորուստների՝ խուսափել քաղաքացիական պատերազմի վտանգից և ներքաղաքական հակասությունները հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով։ Այդ մասին iLur.am կայքին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ քաղաքացիական պատերազմը ոչ միայն մեծ նվեր կլինի թուրք-ադրբեջանական միությանը, այլեւ կործանարար կլինի Արցախի, Հայաստանի եւ բոլոր հայերի համար: "Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով շահագրգիռ կողմերը, հասարակական-քաղաքական խմբերը, իշխանական կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ, բոլոր ուժերը պատասխանատվության զգացումով գործի կդնեն իրենց բոլոր ուժերը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար", - ընդգծել է առաջին նախագահը: