


Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն հայտարարել է, որ Արցախի տարածքների հանձնման ողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը: Այդ մասին պատգամավորը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Զոհրաբյանը նշել է, որ իշխանությունը պետք է դադարեցնի պատասխանատվությունը որեւէ մեկի վրա բարդելու փորձերը։ Պատգամավորի խոսքով՝ ինքն ապշած է վարչապետ Փաշինյանի ցինիզմից, ով ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, թե պատասխանատվություն կկրեն բոլոր նրանք, ովքեր մեղավոր են տարածքների հանձնման համար: Զոհրաբյանն ընդգծել է, որ այս հարցում մեղավոր է, առաջին հերթին, ինքը՝ Փաշինյանը։
"Ինչպես հիշում եք, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը երկու անգամ վարչապետին կոչ էին անում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ խմբակցությունների մասնակցությամբ, սակայն վարչապետը չմտածեց պատասխանել այդ կոչերին։ Մենք թույլ չենք տա քաղաքացիական պատերազմ, որին Փաշինյանը դրդում է Հայաստանի հանրությանը։ Վարչապետը ոչ մի իրավունք չունի քաղաքացիներին բռնության կոչ անել, առավել եւս, իրավունք չունի խոսել վրեժխնդրության մասին, որով նա հանդես է եկել խորհրդարանի նախագահի ծեծից հետո", - ընդգծել է Զոհրաբյանը։ Պատգամավորը նաև հիշեցրել է այն մասին, թե ինչպես էր Փաշինյանը հայտարարում, որ երբ կգտնվի ղարաբաղյան հարցի լուծում, ինքը այն Հանրապետության հրապարակում կքննարկի քաղաքացիների հետ: Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ նիստին, Զոհրաբյանը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, "Լուսավոր Հայաստանը" կմիանա նիստ հրավիրելու գաղափարին, սակայն քվորումի համար անհրաժեշտ է իշխող խմբակցության ներկայությունը: Պատգամավորը "Իմ քայլը" խմբակցության անդամներին կոչ է արել գալ նիստին: "Ես գիտեմ, որ ձեզանից շատերը հայրենասեր են, և դուք մեծ ցավով եք ընդունել կատարվածը։ Ես կոչ եմ անում ձեզ միավորել մեր ներուժը եւ գտնել հարցի լուծումը", - եզրափակել է Զոհրաբյանը։


