Արմինֆո. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պաշտոնապես հաստատել է ռուսական ուղղաթիռի կործանման փաստը:
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։
ՌԴ ՌՕՈՒ ուղղաթիռի կործանման պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն ԱրմԻնֆո-ին առայժմ չի հաջողվել ստանալ: Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի (Ադրբեջան) տարածքից։