


Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին "BBC"գործակալությանը տված հարցազրույցում:
«Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։ Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»: Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո», - ընդգծել է ԱՀՆ մամլո խոսնակը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը "BBC"-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու են ԱՀ ԶՈՒ-ն գնդակոծել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները եւ տները, որտեղ ռազմական օբյեկտներ չկան, հայտարարել է, թե դա կեղծիք է: Նա նաեւ կտրականապես մերժել է այն փաստը, որ բնակավայրերի ուղղությամբ կասետային արկեր են կիրառել։ Դիտարկմանը, թե "BBC" - ի լրագրողները նման հարվածների ականատես են եղել, Ալիևը շարունակել է պնդել, թե դա "հայկական կողմից տարածված սուտ է"։ "Մենք կհրավիրենք միջազգային փորձագետների' գնահատելու համար մեր էկոլոգիայի, ենթակառուցվածքների, կացարանը կորցրած քաղաքացիական անձանց, մեր պետությանը եւ մեր պատմական ժառանգությանը հասցված վնասը", - ամփոփել է Ալիեւը:


