Արմինֆո. Ֆրանսիայի, Իտալիայի եւ Իսպանիայի քաղաքներում եւ տարածաշրջաններում շարունակվում է Արցախի ճանաչման եւ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դատապարտման գործընթացը:
Այսպես՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության տեղեկատվության համաձայն,Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ <Շնորհակալություն համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար>,-նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Կորսիկայի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Միաժամանակ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը հայտնել է, որ Իսպանական Կորունյա քաղաքը դատապարտել է ադրբեջանաթուրքական ագրեսիան` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` ըստ էության ճանաչելով Արցախը։ <Շնորհակալություն եմ հայտնում տեղի փոքրաթիվ, բայց շատ ակտիվ հայ համայնքին>,- գրել է նա։
Նշենք, որ Արցախի ճանաչման մասին բանաձևեր ընդունել են Իտալիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Հունաստանի, Իսպանիայի մի շարք քաղաքներ, ԱՄՆ-ի և Ավստրալիայի մի քանի նահանգներ։