
Արմինֆո.Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:
<Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Հեյդարովիչ Ալիեւի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը>,- ասել է գործակալության աղբյուրը․- <Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութերը կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը>:
Աղբյուրը հիշեցրել է նոյեմբերի 3-ին <Կոմերսանտ> թերթին Լավրովի հարցազրույցից ճշգրիտ մեջբերումը. <Մեզ, իհարկե, անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ինտերնացիոնալացումը եւ Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը։ Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է երկու հազարի>։
<Ինչպես տեսնում եք, մեկնաբանություններում նախատինք չկար ոչ Ադրբեջանի, ոչ էլ որեւէ այլ երկրի հասցեին։ Խոսքը մեր ծայրահեղ մտահոգության մասին է՝ կապված վարձկան գրոհայինների մուտքի հետ Անդրկովկասի տարածաշրջան։ Այս կապակցությամբ կխնդրեինք մեր ադրբեջանցի ընկերներին ավելի ուշադիր լինել սկզբնաղբյուրներին ծանոթանալիս>,- շարունակել է զրուցակիցը։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Ռուսաստանը միշտ առավելագույն զգուշությամբ է մոտեցել մերձավոր երկրների համար շատ զգայուն հակամարտությունում միջնորդի իր դերին: <Նախագահ Ալիեւը բազմիցս ինքն է հայտարարել այդ մասին: Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը: Միեւնույն ժամանակ, մենք մնում ենք համոզված, որ վարձկան գրոհայինների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայունությանը եւ անվտանգությանը>,- ամփոփել է զրուցակիցը:
Ավելի վաղ Ալիևը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով վարձկանների մասին ՌԴ ԱԳ նախարարի խոսքերը, հայտարարել էր, որ անկեղծորեն ափսոսում է, որ <երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն, գործում են ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրամադրված մանդատի հիման վրա>, օգտվում են իրենց հաստատումը չգտած տեղեկատվությունից: Ալիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը <վարձկաններ չունի, չկա ոչ մի ապացույց, որ Ադրբեջանի կողմից կռվում է որեւէ օտարերկրյա մարտիկ>։