


Արմինֆո.ԱՄՆ Էնգլվուդ-Քլիֆս քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) քաղաքապետարանը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը ճանաչելու մասին, ինչպես նաև դատապարտել է ադրբեջանաթուրքական հարձակումները Արցախի հայերի վրա: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Իմ համեստ կարծիքն այն է, որ խաղաղության ճանապարհը միշտ կարելի է գտնել խելամիտ մարդկանց հետ, և մենք միշտ պետք է գտնենք այդ ճանապարհը, այլ ոչ թե հակամարտության փակուղին», - նշել է Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը:
Աղբյուրը նշում է, որ Նյու Ջերսին, որտեղ բնակվում է շուրջ 50 000 ամերիկահայ, նահանգի և քաղաքների մակարդակով աջակցել է Արցախին՝ ներառյալ Ֆորտ Լիի քաղաքապետ Մարկ Սոկոլիչի կողմից Արցախի ճանաչումը, Նյու Ջերսի նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանի կողմից S. R. 99 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, ինչպես նաև Կոնգրեսում Նյու Ջերսին ներկայացնող մի խումբ անդամների աջակցությունը:



