


Արմինֆո. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաղորդել է, որ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտումների մասին վկայող ապացույցներն ուղարկվել են ՄԱԿ և ՄԻԵԴ: Այդ մասին Թաթոյանը հայտարարել է խորհրդարանում։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Հայաստանը վերջերս ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ Ադրբեջանը հայկական կողմի դեմ օգտագործում է վարձկաններ, որոնք պատրաստակամություն են հայտնում շարունակել իրենց գործունեությունը այլ երկրներում, միայն թե իրենց վճարեն: "Տեսանյութերից մեկում եստեսել եմ հետեւյալը. գրոհայինը հայտարարել է, թե՝ ափսոս, որ նման զենք իրենք չեն ունեցել Սիրիայում։ Վարձկանը նշել է, որ այդ զենքն իր հետ կվերցնի", - ընդգծել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքված բոլոր ապացույցները փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ին, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությանը եւ պրոֆիլային կազմակերպությանը ՝ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:
"Մենք մշտապես կապի մեջ ենք Արցախի մեր գործընկերների հետ, հստակեցնում ենք նրանց տվյալները և օպերատիվ իրավիճակը։ Այս պահին մեր համագործակցությունը շատ կարեւոր դեր է խաղում", - նկատել է օմբուդսմենը։
Թաթոյանը նաև ցավով է արձանագրել, որ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ իրենց գործողություններում ավելի հաճախ առաջնորդվում են քաղաքականությամբ, քան՝ մարդու իրավունքների պաշտպանության նորմերով: Որպես օրինակ պաշտպանը հիշել է 2016 թվականը, երբ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, որն այդ պահին Ռուբեն Մելիքյանն էր, նամակ էր գրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնին։ "Այն ժամանակ ես անձամբ եմ փոխանցել նամակը և առաջարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին այցելել Արցախ, բայց նա այդպես էլ դա չի արել։ Որքան էլ տխուր է, բայց նոույնը տեղի է ունենում հիմա", - եզրափակել է Թաթոյանը:


