Արմինֆո.Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացիկ պատերազմում Մոսկվայի ընտրությունը, ըստ էության, ընտրությունից խուսափելն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
<Ընդ որում, պետք է հասկանալ, որ Արցախում, Արցախի շուրջ իրավիճակն, անշուշտ, Մոսկվային հուզում է՝ որպես անմիջականորեն Հայաստանին վերաբերող իրավիճակի մի մաս ։ Առայժմ Ռուսաստանին հաջողվում է առանձին-առանձին համագործակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Եվ Մոսկվայի շահերից է բխում խուսափել այնպիսի իրավիճակից, որում նա ստիպված կլինի այդ ընտրությունը կատարել ։ Սակայն, այդ ուղղությամբ Մոսկվան գործնականում արդեն գործում է, օրինակ, Սիրիայում>, - նշել է նա ։
Քաղաքագետի գնահատմամբ ՝ Արցախի պատերազմի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակն աստիճանաբար փոխվում է, իսկ մշտական հարձակման մեջ գտնվող Էրդողանը գնալով ավելի ու ավելի է նյարդայնացնում՝ արդեն ոչ միայն Ռուսաստանին ։ Նրա կարծիքով ՝ այս պատերազմը պետք չէ ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև տարածաշրջանում շահագրգիռ և ոչ շահագրգիռ մնացած բոլոր աշխարհաքաղաքական դերակատարներին ։ Պատերազմը, ընդ որում՝ բոլորովին տարբեր պատճառներով, պետք է միայն Թուրքիային և Ադրբեջանին ։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից անմիջապես Հայաստանի տարածքին հասցված հարվածների փաստին՝ Իսկանդարյանը վստահություն է հայտնել, որ Մոսկվան կարձագանքի ակտիվ մարտական գործողությունները Հայաստանի տարածք տեղափոխելու փորձին: Նրա կարծիքով, դա ակնհայտ է դառնում ոչ միայն Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ նախագահի հայտարարություններից, այլեւ՝ Մոսկվայի վերջին բոլոր գործողություններից: Այս համատեքստում քաղաքագետը նշել է անվտանգության ոլորտում հայ-ռուսական որոշակի փոխգործակցությունը ՝ շեշտը դնելով դրա փակ, ոչ հրապարակային ձևաչափերի վրա ։ <Եվ, այնուամենայնիվ, կա նաև հրապարակային կողմը՝ հատկապես հաշվի առնելով այն անվերապահ փաստը, որ Հայաստանում Ռուսաստանը դիտարկվում է՝ որպես ողջ հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր ։ Վարչապետ Փաշինյանի նամակը նախագահ Պուտինին և այդ նամակի պատասխանը, որոնք, անշուշտ, նախապես համաձայնեցվել են, ես դիտարկում եմ հենց այդ տեսանկյունից ։ Գործնականում Երևանի և Մոսկվայի փոխգործակցությունը կրում է մշտական բնույթ, ինչի մասին, ըստ էության, հենց <Վալդայում> ասաց Ռուսաստանի նախագահը> - ամփոփել է Իսկանդարյանը։