


Արմինֆո. ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:
Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պահպանել հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջև հոկտեմբեր ամսին՝ ռազմագերիների և դիակների փոխանակման նպատակով: Այդ մասին հաղորդում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով ռազմագերիների կյանքին սպառնացող վտանգը՝ Կառավարությունը Եվրոպական Դատարանին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ, որպես Կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմ կիրառել հետևյալ միջոցները՝
1. Հիմք ընդունելով Կոնվենցիայով, ինչպես նաև 1949 թ. Օգոստոսի 12-ի Ժնևյան Երրորդ և Չորրորդ կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր կիրառելի կանոններով նախատեսված պարտավորությունները՝ ձեռնպահ մնալ.
ա. ադրբեջանական ուժերի ենթակայության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք, խոշտանգումներ, կամայական մահապատիժ, ինչպես նաև այլ արգելված վարքագիծ ցուցաբերելուց,
բ. զինվորների դիակները խեղելուց:
2. Տեղեկատվություն տրամադրել ռազմագերիների թվի, անունների և ներկայում պահվող ռազմագերիների վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ՝ նրանց բժշկական վիճակի և բժշկական անձնակազմի կողմից զննության ենթարկված լինելու վերաբերյալ», - ասվում է հաղորդագրությունում:


