


Արմինֆո. Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՝ հրապարակելով իր և կամավորական ջոկատների անդամների հանդիպման տեսագրությունը։
<Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում>,- գրել է Հարությունյանը։
Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ: Հանդիպման տեսագրությունը քիչ հետո հասանելի կլինի նախագահի ֆեյսբուքյան էջում:
<Ի դեպ, Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել>,- գրել էր Պողոսյանը։


