
Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երրորդ երկրներին կոչ է արել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավվելու ցանկացած ձեւից:
<Մենք դեմ ենք հակամարտությանը երրորդ երկրների մասնակցությանը։ Բոլոր սահմանակից երկրները մեր գործընկերներն ու բարեկամներն են>, - ասել Է Ալիեւը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում ։ Ընդ որում, Ադրբեջանի ղեկավարը, չգիտես ինչու, մոռացել է ասել, որ ինքը ռազմական ագրեսիայի հենց սկզբից օգտվել է <մեծ եղբոր>՝ Թուրքիայի օգնությունից, իսկ վերջինս Արցախի խաղաղ բնակչության դեմ կռվում ներգրավել է Մերձավոր Արևելքից վարձկանների ։
Ընդ որում, նա հերթական անգամ ցինիկաբար հայտարարել է, որ Ադրբեջանը բանակցային գործընթացում միշտ հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, որը ենթադրում է <հայկական ստորաբաժանումների փուլային դուրսբերում>:
<Սակայն, Երևանը դեմ էր նախաձեռնությունների իրականացմանը։ Դա կարող են հաստատել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Կարգավորման հիմնական սկզբունքների համաձայն, Ադրբեջանը պետք է վերադարձներ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջանների, իսկ հետո եւս երկու շրջանների նկատմամբ>, - ասել Է Ալիեւը հերթական անգամ փորձելով կեղծել պատմությունը՝ վստահեցնելով, որ հայերը երբեք չեն ապրել այդ տարածքներում:
Ամփոփելով ՝ Ալիեւը վստահեցրել է, որ բանակցությունների սեղանի շուրջ հայկական ղեկավարության ռազմավարությունը <երկխոսությունը մինչեւ անվերջություն ձգձգելու նպատակ ուներ>:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի այս կոչին ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ օժանդակություն, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։