Արմինֆո. Իրանի առաջարկած կարգավորման ծրագիրն, ըստ էության արդիական չէ, այսպիսի կարծիք է հայտնել Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
<Շատ ավելի կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում։ Ըստ այդմ, պետք է՝ ապահովել երկու երկրների միջև անխափան ցամաքային կապը և կենսական նշանակության բեռների անարգել անցումն այդ ճանապարհով, ստեղծել պատերազմի հետ կապված տեղեկատվության փոխանակման և համակարգման օպերատիվ խողովակ, քննարկել համատեղ կամ իրանական աջակցությամբ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հնարավորությունները մերձարաքսյան գոտում և այլ հարցեր, որոնց մասին այստեղ գրելն ավելորդ եմ համարում։
Շատ ավելի լավ կլիներ, եթե այս ամենն արվեր մինչև պատերազմը, բայց ունենք այն, ինչ ունենք>,- ասել է նա։
Իրանի նախագահի հատուկ դեսպանորդ, փոխարտգործնախարար Աբաս Արաքչին ավելի վաղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով՝ եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Թուրքիայի մասնակցությամբ: <Իրանի ծրագրի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն ունի տարածաշրջանային մոտեցում, եւ մենք կարող են պայքարել այդ ճգնաժամի դեմ՝ կիրառելով տարածաշրջանային մոտեցումը տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների մասնակցությամբ: Բնականաբար, Ռուսաստանը նման երկրներից կարեւորագույնների թվում է, ինչպես եւ Թուրքիան>,-ասել էր նա։