Արմինֆո. Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ։
<Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը մեզ պետք է ուղեկցի միայն դեպի Հաղթանակ>,- գրել է նա։
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար նպատակով հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին: Սակայն, կարճ ժամանակ անց պայմանավորվածությունը կոպտորեն խախտվել է ադրբեջանական կողմից ։ Ավելի վաղ նման պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ՝ համապատասխանաբար հոկտեմբերի 10-ին եւ 17-ին, սակայն դրանք նույնպես չեն պահպանվել ադրբեջանական կողմից ՝ չնայած ստանձնած պարտավորություններին: