Արմինֆո.: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է․
<Հոկտեմբերի 24-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարության բոլոր ասպեկտների իրականացման ուղղությամբ՝ իրենց պարտավորություններին համապատասխան, որոնք վերահաստատել են հոկտեմբերի 18-ին Փարիզում: Համանախագահները կողմերին հիշեցրել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության, ինչպես նաև Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Պոմպեոյի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի համատեղ հայտարարության մասին, որոնք կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Համանախագահներն ու ԱԳ նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին ՝ քննարկելու, ձեռք բերելու պայմանավորվածություն և սկսելու համաձայնեցված ժամկետներում իրականացնել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան>,- ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ: