Արմինֆո Ալիևյան վարչակազմին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ունակ են հայոց բանակի հաջողությունները, նրա ռեժիմի համար առարկայական վտանգ ներկայացնող հաջողությունները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը:
"Եվ ահա այստեղ, կարևոր է թվում հասկանալ, գիտակցել նման բանակցությունների անհրաժեշտության աստիճանը Հայաստանի և Արցախի համար։ Կարևոր է հասկանալ, թե արդյոք այս պատերազմի դռները կիսաբաց վիճակում թողնելը նոր պատերազմի չի հանգեցնի։ Հասկանալ, թե արդյոք մենք իրավունք ունենք գործը կիսատ թողնելու ռազմաճակատում", - նկատել է նա։
Այսօր Իլհամ Ալիեւը Fiagro-ին հայտարարել է, թե հայկական կողմից հրադադարի դեպքում Բաքուն պատրաստ կլինի դադարեցնել մարտական գործողությունները, "ընդամենը պետք է, որ Հայաստանը դադարեցնի կրակը, իսկ հետո հենց դիվանագետներն են գործելու"։
Դիվանագետի գնահատմամբ, Ադրբեջանը, ի հաստատումն Արցախի կարգավիճակի հարցի շուրջ սակարկություն անելու իր պատրաստակամության բացակայության, զինված ագրեսիայի միջոցով փորձեց Հայաստանին դիվանագիտական վերջնագիր ներկայացնել։ Որպես արդյունք՝ բանակցությունների և հենց Արցախի ապագան այսօր որոշվում է մարտի դաշտում։
Այս լույսի ներքո՝ հայկական կողմի ծրագրային մինիմումը, ըստ Մելիքյանի, այս փուլում ռազմական պարտությունից խուսափելն է։ Մաքսիմում ծրագիրը մահաբեր հարվածներն են թշնամուն, որոնք ի զորու են բարոյալքել ոչ միայն բանակը, այլև խոր թիկունքը, Ադրբեջանի կառավարման համակարգը։
Զուգահեռաբար՝ Բաքվի հետ բանակցությունների շրջանակներում արցախյան հիմնախնդրի դիվանագիտական լուծման բացակայությունը, նրա կարծիքով, ամենևին էլ չի խոսում խնդրի՝ Հայաստանի և Արցախի համար ընդունելի լուծման ուղղությամբ Երևանի դիվանագիտական ջանքերը սառեցնելու անհրաժեշտության մասին։
"Օրինակ, տարբեր պետությունների կողմից Արցախի անկախության ճանաչումն իսկ կստեղծի արցախցիների անվտանգության ապահովման միանգամայն նոր նախադրյալներ և երաշխիքներ։ Եվ այդ ուղղությամբ որոշ քայլեր Ստեփանակերտը պետք է ինքնուրույն ձեռնարկի։ Այդ քայլերի մասին ավելի առարկայական խոսելը դեռ վաղ է", - ամփոփել է դիվանագետը։