Արմինֆո. Ի հեճուկս աշխարհի լռությանը՝ տարբեր երկրներում հայ համայնքները շարունակում են պայքարել հանուն արդարության։
Անձրեւոտ Սիդնեյում տասնյակ հարյուրավոր հայեր, զինվելով Հայաստանի եւ Արցախի դրոշներով, "Հայաստանը խաղաղություն է ուզում", "Ճանաչեք Արցախը", "Կանգնեցրեք ահաբեկչությունը", "Կանգնեցրեք Ալիեւին" պաստառներով խաղաղ երթ են անցկացնում քաղաքի փողոցներով: Վանկարկելով "Արցախը Հայաստան է", "Արցախը մենք ենք", "Էրդողան ահաբեկիչ"՝ Ավստրալիայի հայերը տեղական իշխանություններից պահանջում են անտարբեր չլինել և կասեցնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ նախաձեռնած ահաբեկչությունը։ Ընդ որում, քաղաքում շրջում են հայկական դրոշներով մեքենաներ, որոնք ազդանշան են տալիս՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության։
Մինչ Սիդնեյի հայ համայնքը սպասում է իշխանությունների արձագանքին, Եվրոպայում հայերը փակել են Ֆրանսիա-Իսպանիա ավտոմայրուղին, ինչի արդյունքում ձևավորվել է բեռնատարների և մարդատար մեքենաների մեկ կիլոմետրանոց հերթ: Իսպանիայի հայ համայնքն իշխանություններից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը եւ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին։ Իսպանիայի հայերի գլխավոր պահանջը իսպանական գլխավոր հեռուստաալիքներից մեկի ներկայացուցիչների ժամանումն է եւ տեղի ունեցածի լուսաբանումը ուղիղ եթերում:
Պարզվել է, որ Իսպանիայի ԶԼՄ-ներն իրականացնում են Արցախին աջակցելու նպատակով տեղի հայերի խաղաղ ցույցերի նկարահանում, սակայն հեռուստատեսության եթերներում այդ ռեպորտաժները, չգիտես ինչու, չեն հայտնվում։ "Ուստի մենք պահանջում ենք, որ մեզ ցույց տան ուղիղ եթերում, ինչից հետո պատրաստ ենք բացել ճանապարհը", - ասել է ցուցարարներից մեկը:-