Արմինֆո. Ադրբեջանական բանակը փոքր - ինչ փոխել է մարտական գործողությունների ձեւաչափը ՝ նախկին մեքենայացված ստորաբաժանումների փոխարեն, այժմ լայնորեն օգտագործվում են շարժական դիվերսիոն խմբեր։
Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով, դա կարող է լինել Ադրբեջանի կողմից զրահատեխնիկայի եւ ավտոմոբիլային տեխնիկայի հսկայական կորուստների արդյունք: "Չեմ ուզում, որ այս խոսքերն այժմ ինչ-որ էյֆորիա առաջացնեն մեր հասարակության շրջանում, բայց մարտունակ զրահատանկային ուժեր հակառակորդն այլևս չունի։ Նրանք հիմա կամ մանր հետևակային ստորաբաժանումների մեջ են մտել, կամ, ընդհանրապես, չկան", - հայտարարել է նա։
Ներկայացնելով օպերատիվ իրավիճակը ճակատային գծում' Հովհաննիսյանը նշել է, որ արդեն երկու-երեք օր է, ինչ մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալվում են երեք օպերատիվ ուղղություններով' հյուսիսային, հարավային եւ հարավ - արեւելյան: Վերջին ուղղությունը առավելապես հանգիստ էր, բայց հիմա այստեղ նկատվում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի զգալի ակտիվություն։ Խոսքը Հադրութից հյուսիս և Մարտունիից հարավ ընկած հատվածի մասին է։ Առաջվա պես ինտենսիվ մարտեր են ընթանում նաև հարավային թևում։ Այստեղ առանձին դիվերսիոն խմբեր, ոչ առանց վարձկանների աջակցության, հասել են մինչեւ Միջնավան բնակավայր՝ Արաքս գետի անմիջական հարևանությամբ և Հայաստանի սահմանից ոչ հեռու։ Սակայն այստեղ հակառակորդը առաջխաղացման շանս չունի, ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։