Արմինֆո. Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող էսկալացիայի համատեքստում։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված կազմավորումների զինյալների տարածաշրջան տեղափոխման անընդունելիությունը եւ այնտեղից նրանց անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը գրել էր Ղարաբաղ տեղափոխված հարյուրավոր սիրիացի գրոհայինների մասին, որոնք կապված են Թուրքիայի հետ, եւ ղարաբաղյան հակամարտության գոտի "եւս հարյուր" աշխարհազորայինների ուղարկելու պատրաստակամության մասին: Washington Post-ը նույն օրը գրել էր ղարաբաղյան հակամարտության գոտում 52 սիրիացի վարձկանների զոհվելու մասին։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը նույնպես հաղորդել է, որ իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, հակամարտության գոտի ակտիվորեն ներգրավվում են Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանները, ընդ որում, խոսքը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր արմատգականների մասին է: Թուրքիայի տարածքով Բաքու 300 սիրիացի զինյալների տեղափոխման մասին պատմել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի սկզբին։ Մինչդեռ, Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնորդները, շարունակում են պնդել, թե չեն օգտվում վարձկանների ծառայություններից ։