Արմինֆո.ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը համաշխարհային խոշոր հակամարտություններում՝ Եմենից եւ Լիբիայից մինչեւ Աֆղանստան եւ Լեռնային Ղարաբաղ, հրադադարի կոչ է անում՝ նախազգուշացնելով, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, <միակ հաղթողը կլինի համավարակը>:
Associated Press-ին տված հարցազրույցում Գուտերիշը կրկնել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պայմաններում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին կոչը:
<Մեզ հարկավոր է միջազգային հանրության զանգվածային աջակցությունը: Մեզ պետք է զանգվածային աջակցություն բոլոր նրանցից, ովքեր ազդեցություն ունեն հակամարտության կողմերի վրա, որպեսզի մինչեւ տարեվերջ դադարեցնեն հակամարտության այս բոլոր դրամատիկ իրավիճակները>,- նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։
Գուտերեշն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացմանը․ <Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում այն աճել է 80 տոկոսով։ Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը: Մենք պետք է կանգ առնենք>:
Գուտերիշը նշել է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախաձեռնությունները չեն կարողացել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
Նա հույս է հայտնել, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումներից հետո հրադադար կհաստատվի:
Գուտերիշը հույս է հայտնել, որ Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միասնությունը <կօգնի մեզ ճնշում գործադրել նրանց վրա, ովքեր դեռ չեն հավատում, որ ոչ ոք չի կարող հաղթել պատերազմում>: «Միակ ճանապարհն է՝ պատերազմը դադարեցնել, քաղաքական գործընթաց սկսել եւ թույլ չտալ, որ COVID-ը միակ հաղթողը լինի>,- ամփոփել է նա: